20 Նոյեմբերի 2008, 1384 - Ա
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԱՆԻ ԵՎ ՄՈՒՇ ԹԱՂԱՄԱՍԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ելնելով «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների գնման երեք պայմանագրով կառուցապատման աշխատանքների ֆինանսավորման համար օտարերկրյա բանկերից վարկային ռեսուրսների ներգրավման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների գնման N ԱՊՁԲ-08/131, 08/132, 08/133 պայմանագրերի համաձայն որպես 2009 և 2010 թվականներին վճարման ենթակա 3,9 մլրդ դրամ կանխավճարի վճարային պարտավորության կատարում` թողարկել և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել 100 և 150 մլն դրամ անվանական արժեքով փոխանցելի մուրհակներ, որոնցից 1950 մլն դրամը` 2009 թվականի նոյեմբերի 20-ին մարման ժամկետով, 1950 մլն դրամը` 2010 թվականի նոյեմբերի 19-ին մարման ժամկետով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 7–ի «Դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձվող գումարների դիմաց փոխանցելի մուրհակների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 436 որոշմամբ հաստատված կարգով սահմանված շրջանառության ու մարման պայմաններով։
2. Սահմանել, որ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի կիրառման իմաստով սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրերի ֆինանսավորումը համարվում է հատկացված` մուրհակների տրամադրման պահից։
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրերով գնորդի լիազորություններն իրականացնելիս` պայմանագրերի գների փոփոխությունները նախաձեռնել`
1) ըստ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից հրապարակվող շինարարության գների փոփոխության` պահպանելով պայմանագրի կնքման պահին պայմանագրի գնի և հրապարակված գների հարաբերակցությունը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության օժանդակությամբ վաճառողի համար Լիբոր+7 տարեկան տոկոսագումարից ցածր տոկոսադրույքով վարկային ռեսուրս ներգրավելու դեպքում։
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` համաձայնեցնելով Գյումրու քաղաքային համայնքի ավագանու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ` ներկայացնել առաջարկություն Գյումրի քաղաքի Անի և Մուշ թաղամասերում կառուցվելիք օբյեկտների համար համապատասխան չկառուցապատված հողամասեր և անավարտ շինարարության բնակելի շենքերով կառուցապատված հողամասեր «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությանը կադաստրային արժեքով օտարելու վերաբերյալ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ օտարման գինը հաշվանցվելու է պետական գնման պայմանագրի կանխավճարի մի մասի հետ` որպես ծրագրին Գյումրու քաղաքային համայնքի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության օգտին համաֆինանսավորում։