Կառավարության որոշումներ

27 Նոյեմբերի 2008, 1404 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին»

N 1325-Ն որոշմամբ հաստատված կանոններում`

1) 2-րդ կետը «իրականացնում են ՀԴՄ-ի» բառերից հետո լրացնել «և միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող ժապավենների» բառերով.

2) 18-րդ կետը «ՀԴՄ-ում տեղադրել» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող» բառերով.

3) 19-րդ կետի «բ» ենթակետը «չեկ (կտրոն),» բառերից հետո լրացնել «իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության (այսուհետ` վիճակահանություն) անցկացման ժամանակահատվածում` ժապավենի դարձերեսին հատուկ համար (համարներ) պարունակող չեկ (կտրոն),» բառերով.

4) կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.1-ին կետով.

«19.1. Վիճակահանության անցկացման ժամանակահատվածում տպվող դրամարկղային չեկը (կտրոնը) պետք է կտրվի ժապավենի դիմային մասում առկա եզրագծով: Տպված ՀԴՄ-ի չեկի (կտրոնի) կտրման տեղը ժապավենի դիմային մասում առկա եզրագծի հետ չհամընկնելու կամ եզրագծի բացակայության դեպքում չեկը (կտրոնը) կտրվում է այնպես, որպեսզի չվնասվի չեկի (կտրոնի) դարձերեսի հատուկ համարը (համարները):».

5) կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 24.1-ին կետով.

«24.1. Սույն կանոնների 23-րդ և 24-րդ կետերում նշված հաշվետվությունների դուրսբերումը (տպագրումը) կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող ցանկացած ժապավենով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: