Կառավարության որոշումներ

20 Նոյեմբերի 2008, 1371 - Ն

«ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՀԱՏԱԿԱԳԻԾԸ, ՏԱՐԱԾՔԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 830-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ե» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել «Որդան կարմիր» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը և հատակագիծը` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և տարածքի չափը` 219.85 հեկտար:

2. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան 219.85 հեկտար հողերը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արազափի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող 74.03 հեկտար, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերից 61.9 հեկտար, Եղեգնուտի գյուղական համայնքի նախկին II հատվածում գտնվող 62.4 հեկտար և Ջրառատի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող 21.52 հեկտար հատուկ պահպանվող տարածքների հողերն ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով ամրացված՝ «Որդան կարմիր» պետական արգելավայրի 219.85 հեկտար հողամասի և այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը` «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփական միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանների կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվեկշռման ժամանակ գյուղական համայնքների հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Որդան կարմիր» պետական արգելավայրի կանոնադրությունը հաստատելու մասին» N 830-Ն որոշմամբ հաստատված «Որդան կարմիր» պետական արգելավայրի կանոնադրության 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. «Որդան կարմիր» պետական արգելավայրը (այսուհետ` արգելավայր) ստեղծվել է Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Մինիստրների խորհրդի 1987 թվականի փետրվարի 2-ի N 61 որոշմամբ` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի աղուտ հողերի վրա: Արգելավայրն զբաղեցնում է 219.85 հեկտար տարածք, բաղկացած է երկու առանձին տեղամասերից` Արազափի գյուղական համայնքի հյուսիսարևմտյան մասում (198.33 հեկտար) և Ջրառատի գյուղական համայնքի հյուսիսային մասում (21.52 հեկտար)` Արարատյան հարթավայրում, ծովի մակերևույթից 835-850 մետր բարձրության վրա:»։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: