Կառավարության որոշումներ

20 Նոյեմբերի 2008, 1367 - Ա

ՄԱՍՆԱՎՈՐ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1321-Ա որոշման համաձայն կենտրոնական գանձապետարանում բացված արտաբյուջետային բանկային հաշվի միջոցներից մինչև 50 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ուղղել Գերմանահայկական հիմնադրամի կողմից իրականացվող մասնավոր փոքր և միջին ձեռներեցության զարգացման վարկային ծրագրի (այսուհետ` ծրագիր) վարկավորման բաղադրիչի համաֆինանսավորմանը` հետևյալ պայմաններով`

1) ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնարկ հանդիսացող «Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակի միջոցով, որի հետ Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը կնքում է գործակալության պայմանագիր.

2) ծրագրի պայմաններին և ընթացակարգերին համապատասխան ընտրված մասնակից ֆինանսական հաստատությունների հետ վարկային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության անունից կնքում է գործակալը` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առաջարկված չափաբաժինների.

3) վարկային միջոցները մասնակից ֆինանսական հաստատություններին տրամադրվում են մինչև 5 տարի մարման ժամկետով, տարեկան` 8,15 տոկոս տոկոսադրույքով.

4) վարկային պայմանագրի շրջանակներում մասնակից ֆինանսական հաստատությունների գործունեության դիտարկումը, հաշվետվությունների ստացումը, վերլուծությունը և վարկի վաղակետ վերադարձման` պարտատիրոջը վերապահված լիազորություններն իրականացնում է գործակալը.

5) վարկային միջոցների հատկացման, վերադարձման, տոկոսների ու տուժանքի վճարման գործառնությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն արտացոլում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության մեջ` համաձայն գործակալի կողմից կենտրոնական գանձապետարան ներկայացվող հաշվետվությունների: