Կառավարության որոշումներ

13 Նոյեմբերի 2008, 1337 - Ն

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) աղետի գոտու գյուղական բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տները հատկացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը` համապատասխան համայնքների ղեկավարների կողմից հաստատված բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների ցուցակների համաձայն` դրանցում ընդգրկված անձանց հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության արդյունքներով.

2) կառուցված բնակելի տները քաղաքացիներին հատկացվում են դրանց շինարարության ավարտման փաստագրումից անմիջապես հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` պետական աջակցություն ցուցաբերելու մասին համապատասխան պայմանագրի համաձայն.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված պայմանագրով բնակելի տան նկատմամբ ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` տուն ստացած քաղաքացու միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետներին`

1) ստեղծել աշխատանքային խմբեր սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն համապատասխան համայնքների ղեկավարների կողմից հաստատված աղետի գոտու գյուղական բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման ցուցակների ստուգման նպատակով և անհրաժեշտության դեպքում առաջարկել համայնքների ղեկավարներին համապատասխան փոփոխություններ կատարել ցուցակներում.

2) ապահովել սույն կետի 1-ին ենթակետում նշված ցուցակների ստուգման արդյունքներով դրանք ներկայացնելը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն` մինչև 2008 թվականի դեկտեմբերի 20-ը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։