20 Նոյեմբերի 2008, 1334 - Ն
ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 400 ԿՎ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՆՑՆՈՂ ՀԱՏՎԱԾԻ ԾՐԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի և դրա անվտանգության գոտիների ծրագիծը` 290 կիլոմետր երկարությամբ, 29.8 հեկտար ընդհանուր մակերեսով, որից 6.8 հեկտարը` ենթակայանի տարածք` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին և Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզպետներին`
1) Ագարակի, Մեղրիի, Քաջարանի, Սիսիանի, Վայքի, Գավառի, Սևանի, Հրազդանի քաղաքային համայնքների և Կարճևանի, Կուրիսի, Գուդեմնիսի, Վահրավարի, Լեհվազի, Վարդանիձորի, Լիճքի, Տաշտունի, Լեռնաձորի, Քաշունիի, Սվարանցի, Տաթևի, Հարժիսի, Լծենի, Դարպասի (Շամբ գյուղ), Որոտանի (Սիսիանի շրջան), Վաղատինի, Ույծի, Նորավանի, Իշխանասարի, Շաքիի, Անգեղակոթի, Սպանդարյանի, Սառնակունքի, Ծղուկի, Գորայքի, Սարավանի, Գնդեվազի, Հերհերի, Արինի, Մալիշկայի, Վերնաշենի, Շատինի, Սալլիի, Թառաթմբի, Քարագլխի, Աղնջաձորի, Գեղհովտի, Մադինայի, Վերին Գետաշենի, Ծովասարի, Ձորագյուղի, Վարդաձորի, Երանոսի, Գեղարքունիքի, Լանջաղբյուրի, Սարուխանի, Գանձակի, Կարմիրգյուղի, Հայրավանքի, Բերդկունքի, Լճափի, Ծովազարդի, Նորաշենի, Չկալովկայի, Լճաշենի և Զովաբերի գյուղական համայնքների ղեկավարների հետ համատեղ ուսումնասիրել և, անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ նշված տարածքներում գտնվող հողերի կատեգորիաների փոփոխություն կատարելու, էլեկտրահաղորդման գծի սահմանափակումների գոտիները և այդ գոտիներում հողօգտագործման նկատմամբ սահմանափակումները սահմանելու, ինչպես նաև այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի դիմաց փոխհատուցում կատարելու վերաբերյալ.
2) ելնելով բնապահպանական և պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության խնդիրներից, ինչպես նաև նախագծի` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության արդյունքներից` անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն էլեկտրահաղորդման օդային գծի ծրագծում փոփոխություն կատարելու վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։