Կառավարության որոշումներ

6 Նոյեմբերի 2008, 1325 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 706-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական ծրագրի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի «Գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական նախագիծը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 706-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ բաժնի 7-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ի», «լ» և «խ» պարբերություններով.

«ի. սուբսիդավորման ենթակա տոկոսավճարը չունի նվազագույն շեմ, և սուբսիդավորման ենթակա տոկոսավճարը չպետք է գերազանցի շուկայական միջին տոկոսադրույքը, որը սահմանվում է յուրաքանչյուր ամսական սուբսիդավորման հայտը քննարկելու ժամանակ` ԳՖԿ-ի կողմից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից ստացված տեղեկատվության հիման վրա»,

«լ. սուբսիդավորման ենթակա վարկային պայմանագրերը պետք է պարունակեն բանկի կամ վարկային կազմակերպության պարտավորությունների մասին դրույթներ, որ տվյալ վարկի տոկոսավճարը ենթակա է սուբսիդավորման` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով և ժամկետներում»,

«խ. սույն ծրագրի շրջանակներում սուբսիդավորման ենթակա են բանկերի և վարկային կազմակերպությունների սեփական միջոցների հաշվին տրամադրված վարկերը և չեն տարածվում միջպետական համաձայնագրերի շրջանակներում ներգրավված ֆինանսական միջոցների հաշվին (Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ, Համաշխարհային բանկ և այլն) տրամադրված վարկերի վրա:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։