6 Նոյեմբերի 2008, 1324 - Ն
«ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Սահմանել, որ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`
1) հանրային կապերի, պետական մարմինների թափանցիկության, տեղեկատվության մատչելիության, տեղեկատվության հավաքագրման և տարածման գործընթացների վերաբերյալ ուսումնասիրությունների կատարումը.
2) զանգվածային լրատվության միջոցների ընդհանուր և թեմատիկ դիտարկման ու վերլուծության իրականացումը, ուսումնասիրություններ և դիտարկումներ կատարելը զանգվածային լրատվամիջոցների շուկայի վերաբերյալ՝ նրանց տպաքանակների, իրացման ծավալների և ծածկույթների, բազմազանության, թափանցիկության և այլ խնդիրների շուրջ.
3) հանրային կապերի և տեղեկատվության ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրումը և նախաձեռնություններով հանդես գալը` զանգվածային լրատվամիջոցների գործունեության իրավական կարգավորման հետ կապված։
3. Թույլատրել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) խորհրդատվական ծառայությունների մատուցում.
2) հրատարակչական գործ, տպագրական գործ, տեղեկատվական նյութերի վերարտադրում.
3) տեղեկատվության և հանրային կապերի, ինչպես նաև հարակից ոլորտներում հետազոտությունների իրականացում:
4. «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասով, 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին։
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ համաձայնեցնելով` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը և արժեքը։
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ֆինանսավորման վերաբերյալ։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։