23 Հոկտեմբերի 2008, 1303 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 126-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի «Անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 126-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) 6-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) հայտատուի կողմից ներկայացված մասնագիտական որակավորումը` բարձրագույն անասնաբուժական կամ անասնաբուժասանիտարական փորձաքննության մասնագիտական կրթություն և մասնագիտական որակավորման վկայական կամ առնվազն
3 տարվա անասնաբուժասանիտարական փորձաքննության մասնագիտական անընդմեջ աշխատանքային փորձ».
2) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» և «թ» ենթակետերով.
«ը) մասնագիտական որակավորման վկայականի պատճենը,
թ) անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ անասնաբուժական միջոցների ցանկը».
3) լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժա» և «ժբ» ենթակետերով.
«ժա) անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ անասնաբուժական միջոցների ցանկը,
ժբ) մասնագիտական որակավորման վկայականի պատճենը».
4) 5-րդ բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ բաժնով.
«VI. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ
13. Մասնագիտական որակավորման վկայականն ստանալու համար անձը լիազոր մարմին է ներկայացնում դիմում` կցելով`
1) անձնագրի պատճենը,
2) դիպլոմի պատճենը` անասնաբուժական կամ անասնաբուժասանիտարական փորձաքննության մասնագիտական կրթության առկայությունը հավաստիանալու համար:
14. Դիմումը և կից փաստաթղթերը ներկայացնելուց հետո եռօրյա ժամկետում լիազոր մարմինը դիմորդին տրամադրում է հարցաշարերը։ Որակավորման ստուգումը կայանում է դիմումը ներկայացնելուց 30-օրյա ժամկետում, որից առնվազն 7 օր առաջ լիազոր մարմինը տեղեկացնում է դիմորդին մասնագիտական որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի մասին:
15. Անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող անձանց (այսուհետ` որակավորվող անձինք) մասնագիտական որակավորման ստուգումը կազմակերպում է լիազոր մարմնի կողմից ստեղծված որակավորման ստուգման հանձնաժողովը (այսուհետ` որակավորող հանձնաժողով):
16. Մասնագիտական որակավորման ստուգման հարցաշարերում ներառվող հարցերի ցանկը` ընդհանուր հարցաշարը, հաստատում է լիազոր մարմինը: Մասնագիտական որակավորման ստուգման հարցաշարը և (կամ) փոփոխությունները ենթակա են պարտադիր հրապարակման` ստուգման օրվանից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ:
17. Քննական հարցաշարը կազմվում է քննության օրը` համակարգչային ծրագրի միջոցով, պատահական ընտրության սկզբունքով, որակավորվող անձի և հանձնաժողովի անդամների ներկայությամբ:
18. Անասնաբուժասանիտարական փորձաքննության մասնագիտական որակավորման ստուգման հարցաշարը ներառում է 10 հարց` ըստ հետևյալ ոլորտների և հարցերի բաշխվածության`
1) լիցենզավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն` 1 հարց,
2) անասնաբուժության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն` 1 հարց,
3) անասնաբուժասանիտարական փորձաքննության ոլորտի վերաբերյալ` 8 հարց:
19. Մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվում է գրավոր, հայերենով, որի համար հատկացվում է 1 ժամ և արգելվում է օգտվել փաստաթղթերից ու տեխնիկական միջոցներից:
20. Որակավորվող անձը համարվում է անասնաբուժասանիտարական փորձաքննության մասնագիտական որակավորման ստուգումն անցած, եթե ճիշտ է պատասխանել սույն կարգի 18-րդ կետով նախատեսված ոլորտներին վերաբերող հարցերից առնվազն 8-ին:
21. Որակավորվող անձը պատշաճ ձևով տեղեկացվում է մասնագիտական որակավորման ստուգման արդյունքների մասին նույն օրը` անմիջապես:
22. Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:
23. Մասնագիտական որակավորման ստուգում անցած անձին եռօրյա ժամկետում տրվում է մասնագիտական որակավորման վկայական, որի ձևը հաստատում է լիազոր մարմինը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: