15 Մայիսի 2008, 1294 - Ն
«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի փետրվարի 29-ին կնքված համաձայնագրով (այսուհետ` համաձայնագիր) ամրագրված դրույթներին համապատասխան Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին ամրագրված` Երևան քաղաքի Արգիշտի 7/5 հասցեում գտնվող` 6655.9 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (այսուհետ` գույք) և դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 22608.51 քառ. մետր մակերեսով հողատարածքը (սեփականության իրավունքի գրանցման վկայական
N 1682358) ուղղակի վաճառքի ձևով օտարել «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` գնորդ):
2. Սահմանել, որ`
1) օտարվող գույքի վաճառքի գինը կազմում է 1000000 դրամ.
2) գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 22608.51 քառ. մետր հողատարածքը` կադաստրային արժեքով.
3) գնորդը պարտավորվում է`
ա. համաձայն համաձայնագրի 2-րդ կետի, գույքի օտարման պայմանագրի կնքումից հետո 20-ամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից տնօրինվող հողամասի վրա` վերջինիս կողմից հաստատված նախագծանախահաշվարկային փաստաթղթերի հիման վրա կառուցել 12000 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինություններ, պարսպապատել և բարեկարգել ամբողջ հողատարածքը,
բ. իր միջոցների հաշվին վճարել պատվիրված և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից հաստատված նախագծանախահաշվարկային փաստաթղթերի վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով:
3. Գնորդը պարտավոր է գույքի վաճառքի գինը և հողամասի կադաստրային արժեքը վճարել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողամասի կադաստրային արժեքը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին`
1) ապահովել սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը.
2) գնորդի հետ կնքել շենք-շինությունների կառուցման և տարածքի բարեկարգման մասին պայմանագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից հաստատված նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի։
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` գնորդի կողմից գույքի վաճառքի գնի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ մինչև գնորդի կողմից պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը` գնորդին օտարված հողամասը գրավադրված է համարվում օտարողի մոտ` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության։