Կառավարության որոշումներ

6 Նոյեմբերի 2008, 1279 - Ն

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի հուլիսի 20-ին կնքված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր» N 4095-AM, Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին կնքված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր» N 653-AM ու Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2007 թվականի հունվարի 17-ին կնքված «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնման ծրագիր» N 1104P վարկային և փոխառության համաձայնագրերի շրջանակներում, ինչպես նաև տարբեր ծրագրերով Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներում կառուցված (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեների, վարկային, դրամաշնորհային, համայնքային և այլ միջոցներով) գազատարների շահագործումն ապահովելու և այդ գազատարներով սպառողներին անխափան գազամատակարարում իրականացնելու, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության բաժնեմասն ավելացնելու նպատակով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ ու 605-րդ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 36-րդ և 68-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից 419.022.789 դրամ արժողությամբ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել համայնքներին` համաձայն N 1 հավելվածի:

2. Գյուղական տարածքների տնտեսական զարգացման և արտադրական ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից 1.810.041.447 դրամ արժողությամբ գույքը նվիրաբերել համայնքներին` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի ու Վայոց ձորի մարզպետներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների հետ:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի ձևակերպումն ու հաշվառումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնակարգի 18-րդ կետի դրույթներին համապատասխան:

6. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի, Արմավիրի ու Գեղարքունիքի մարզպետներին`

1) առաջարկել համայնքների ղեկավարներին սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում, ինչպես նաև N 3 հավելվածում (համայնքների սեփականությունը հանդիսացող գազաբաշխիչ գազատարներ, որոնք կառուցվել են համայնքների սեփական կամ ներգրավված միջոցներով) նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի.

2) ապահովել սույն կետի 1-ին ենթակետում նշված համայնքների կողմից գույքի նվիրատվության պայմանագրերի կնքումը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հետ.

3) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ համատեղ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն կետի 1-ին ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:

7. Թույլատրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` սույն որոշման N 4 հավելվածում նշված 104.651.724 դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեք ունեցող գույքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

8. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

9. Սույն որոշման 7-րդ կետում նշված գույքի առանձնացման արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն:

10. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 7-րդ կետում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

11. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 7-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով ընկերության կառավարման մարմիններում հանդես գալ առաջարկությամբ և տալ համաձայնություն լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելու միջոցով ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու համար` լրացուցիչ թողարկված և տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց վճարումը նախատեսելով սույն որոշման NN 1, 2, 3 և 4 հավելվածներում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անկախ գնահատողի կողմից գնահատված արժեքներով ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու եղանակով:

12. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին, 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերում նշված գործարքներից բխող գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև 11-րդ կետում նշված գույքի գնահատման` շուկայական արժեքների որոշման հետ կապված ծախսերը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը կկատարի իր միջոցների հաշվին: