Կառավարության որոշումներ

17 Փետրվարի 2005, 182 - Ն

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան և 11-րդ հոդվածի պահանջների կիրառման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենայի յուրաքանչյուր մոդելի կիրառման թույլատրման համար լիազորված պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը։

2. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի պահանջների կիրառման նպատակով լիազորված մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:

3. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին՝ երկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների թույլատրելի մոդելների ցանկը, հսկիչ-դրամարկղային մեքենայի մոդելի կիրառման թույլտվության տրամադրման կարգը, կիրառման համար թույլատրված հսկիչ-դրամարկղային մեքենայի մոդելների գրանցամատյանի ձևը և վարման կարգը:

4. Մինչև սույն որոշման 3-րդ կետով սահմանված կարգով կիրառման համար թույլատրելի հսկիչ-դրամարկղային մեքենաների մոդելների հաստատումը՝ թույլատրվում է կիրառել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանող հսկիչ-դրամարկղային մեքենաների մոդելներ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: