23 Հոկտեմբերի 2008, 1258 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվում է երկու երկրների միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական, ինչպես նաև տվյալ երկրում գործող հայկական սփյուռքին առնչվող բնագավառներում համագործակցության հարցերը համակարգելու նպատակով։
2. Հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությամբ սահմանվում են հանձնաժողովի հայկական կողմի նպատակները, գործառույթները, իրավունքները, ձևավորման կարգը և գործունեության կազմակերպումը։
3. Հանձնաժողովի հայկական կողմը հասարակական հիմունքներով գործող մարմին է, որն իր իրավասության սահմաններում իրականացնում է աշխատանքներ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան։
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովի հայկական կողմն իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) կնքված միջազգային պայմանագրերի հիման վրա երկկողմ առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության զարգացմանը նպաստելը.
2) Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հիմնական ուղղությունների զարգացման խնդիրների քննարկում և միջոցառումների իրականացում` հաշվի առնելով փոխադարձ հետաքրքրությունները և հնարավորությունները.
3) տնտեսական համագործակցության հեռանկարային ուղղությունների հայտնաբերմանն ու դրանց զարգացմանը նպաստելը, առաջնահերթ միջոցառումներ, երկարաժամկետ ծրագրեր մշակելը` ուղղված արտասահմանյան կապիտալի և նոր տեխնոլոգիաների ներգրավմանը, ֆինանսաարդյունաբերական խմբեր, համատեղ կազմակերպություններ ստեղծելը, ուղղակի արտադրական կապեր և փոխադարձ տնտեսական համագործակցության այլ ձևեր հաստատելը.
4) գիտատեխնիկական համագործակցության ընդլայնման ու խորացման վերաբերյալ առաջարկություններ մշակելը` ներառելով գիտության, տեխնիկայի և ժամանակակից արտադրական փորձի առաջավոր նվաճումները, ինչպես նաև երկու երկրների միջև արտաքին առևտրի շրջանառության ընդլայնմանը նպաստելը` ի հաշիվ արտահանում-ներկրում կառուցվածքի կատարելագործման.
5) առևտրատնտեսական և գիտատեխնիկական երկկողմ համագործակցությանը մասնակցող գերատեսչությունների հիմնարկների և կազմակերպությունների գործունեության համակարգում.
6) առևտրատնտեսական և գիտատեխնիկական երկկողմ համագործակցության ընթացքում տեղեկատվության փոխանակման իրականացում, հարցումների կատարում, դիմումների հղում.
7) Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ստորագրված միջազգային պայմանագրերի և տնտեսական բնույթի այլ իրավական ակտերի կատարման նկատմամբ դիտարկման իրականացում.
8) հանձնաժողովի նիստերի նախապատրաստում, հանձնաժողովի քննարկմանը ներկայացված որոշումների նախագծերի մշակում և հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման նկատմամբ հսկողության իրականացում:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
5. Հանձնաժողովի հայկական կողմն իր գործառույթների իրականացման համար իրավունք ունի`
1) ընդունելու որոշումներ իր աշխատանքին առնչվող կազմակերպական և ընթացակարգային հարցերի մասին.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու մարմինների քննարկմանը ներկայացնելու իր գործառույթների իրականացման վերաբերյալ առաջարկություններ.
3) հանձնաժողովի հետ պայմանավորվածության համաձայն ստեղծելու համատեղ` մշտական և ժամանակավոր հիմունքներով գործող աշխատանքային մարմիններ.
4) կազմակերպելու խորհրդակցություններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործադիր իշխանության մարմինների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև կազմակերպությունների ղեկավարների և փորձագետների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների (կամավորության սկզբունքով) մասնակցությամբ։
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ
6. Հանձնաժողովը կազմվում է Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կողմից ներկայացված անդամներից, ովքեր նշանակվում են երկու կողմից` պահպանելով հավասար մակարդակներով ներկայացուցչությունն ապահովելու սկզբունքը։
7. Հանձնաժողովի հայկական կողմը բաղկացած է նախագահից, անդամներից և քարտուղարից։
8. Հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` նշանակելով հանձնաժողովի հայկական կողմի նախագահին և քարտուղարին։
9. Հայաստանի Հանրապետության վարչապետը հանձնաժողովի հայկական կողմի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ։
10. Հանձնաժողովի հայկական կողմի քարտուղարին Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է հանձնաժողովի հայկական կողմի նախագահի առաջարկությամբ։
11. Հանձնաժողովի հայկական կողմի նախագահը`
1) հանձնաժողովի համանախագահն է.
2) համակարգում է հանձնաժողովի հայկական կողմի գործողությունների պլանում ներառված միջոցառումների իրականացման աշխատանքները.
3) վարում է հանձնաժողովի հայկական կողմի նիստերը.
4) հանձնաժողովի հայկական կողմի անդամների միջև բաշխում է պարտականությունները և նշանակում պատասխանատուներ` հանձնաժողովի հայկական կողմի գործառույթներից ու խնդիրներից բխող հարցերի պատրաստման համար.
5) իրականացնում է հսկողություն հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման նկատմամբ.
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է առաջարկություններ հանձնաժողովի հայկական կողմի կազմի փոփոխությունների, ինչպես նաև հանձնաժողովի հայկական կողմի գործունեության դադարեցման վերաբերյալ.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության և հանձնաժողովի հայկական կողմի որոշումներին համապատասխան իրականացնում է այլ գործառույթներ։
12. Հանձնաժողովի հայկական կողմի նախագահը և հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն, առանց հատուկ լիազորությունների, բանակցություններ վարելու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կնքման և այդ պայմանագրի տեքստի փոխհամաձայնեցման շուրջ։
13. Հանձնաժողովի հայկական կողմի քարտուղարը պատասխանատու է հանձնաժողովի հայկական կողմի գործունեության կազմակերպման, հանձնաժողովի հանդիպումների համար փաստաթղթերի նախապատրաստման, հանձնաժողովի հայկական կողմի նախագահի` հանձնաժողովի գործունեության հետ կապված հանձնարարությունների և հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման ընթացքին հետևելու, ինչպես նաև դրա գործունեության հետ կապված այլ կազմակերպչական և վարչական հարցերի համար։
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հաջորդաբար Հայաստանի Հանրապետությունում և Ղազախստանի Հանրապետությունում` հանձնաժողովի ընդունող կողմի նախագահի նախագահությամբ։
15. Հանձնաժողովի հայկական կողմը նիստեր է գումարում նախապես համաձայնեցված պարբերականությամբ և ժամկետներում` ըստ գործողությունների պլանի։
16. Գործողությունների պլանը մշակվում է յուրաքանչյուր տարվա համար` հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկված անդամների առաջարկությունների հիման վրա։ Գործողությունների պլանը ներառում է միջոցառումների իրականացման հստակ ժամանակացույց և սահմանում միջոցառումների կատարման պատասխանատուներին։ Գործողությունների պլանը հաստատում է հանձնաժողովի հայկական կողմի նախագահը։
17. Գործողությունների պլանում ներառվում են այն հարցերը, որոնք պետք է քննարկվեն հանձնաժողովի հայկական կողմի և իր աշխատանքային մարմինների կողմից` նշելով դրանց նախապատրաստման կարգը, քննարկման ժամկետները, ծավալը և նյութերը Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ հանձնաժողովի հայկական կողմի քննարկմանը ներկայացնելու ժամկետները։
18. Հանձնաժողովի հայկական կողմի նիստը համարվում է իրավազոր` հանձնաժողովի անդամների երկու երրորդի մասնակցության դեպքում:
19. Նիստի օրակարգի յուրաքանչյուր հարցի մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի հայկական կողմի նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ։
20. Ընդունված որոշումներն ստորագրում է հանձնաժողովի հայկական կողմի նախագահը։
21. Լրացուցիչ հաստատում պահանջող կամ իրագործման համար ներպետական իրավական ակտի ընդունում պահանջող որոշումներն ուժի մեջ են մտնում համապատասխանաբար` լրացուցիչ հաստատվելուց կամ համապատասխան իրավական ակտ ընդունելուց հետո։
22. Հանձնաժողովի հայկական կողմի նախագահը տարեկան մեկ անգամ Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում հաշվետվություն հանձնաժողովի գործունեության մասին և յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն հանձնաժողովի ընթացիկ գործունեության մասին։
23. Ընդունված որոշումներն իրագործելու նպատակով հանձնաժողովն իրավունք ունի ստեղծելու ժամանակավոր և մշտական մարմիններ` ենթահանձնաժողովներ, հանձնախմբեր կամ աշխատանքային խմբեր։
24. Հանձնաժողովը որոշում է մշտական և ժամանակավոր մարմինների նպատակները, լիազորությունները և կազմը։ Այդ մարմինները միայն հանձնաժողովի կողմից ձևավորվելու դեպքում դրանց ստեղծման և անհատական կազմի հաստատման համար լրացուցիչ ներպետական իրավական ակտի ընդունում չի պահանջվում։
25. Հանձնաժողովի նիստերի և նրա մշտական ու ժամանակավոր մարմինների գործունեության հետ կապված ծախսերը հոգում է ընդունող երկիրը` յուրաքանչյուր կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով։
26. Ճանապարհածախսը և հանձնաժողովի հանդիպման ընթացքում մասնակիցների, ինչպես նաև մշտական և ժամանակավոր մարմինների անդամների` ընդունող երկրում գտնվելու հետ կապված ծախսերը հոգում է հանդիպմանն իր ներկայացուցիչներին գործուղող պետության կառավարությունը։