Կառավարության որոշումներ

18 Սեպտեմբերի 2008, 1253 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային վտանգավոր երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգի ստեղծման ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 15-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային վտանգավոր երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգ ստեղծելու նպատակով 2008 թվականի համապատասխան ֆինանսական միջոցներ հատկացնելու վերաբերյալ, ինչպես նաև քննարկել առաջիկա տարիներին ֆինանսական միջոցներ հատկացնելու հարցը պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծերը մշակելիս` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից սահմանված կարգով ներկայացված հայտի առկայության պայմաններում:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` ուսումնասիրել ու Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային վտանգավոր երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգի ստեղծման ծրագրով նախատեսված Արարատի հակակարկտային կենտրոնի, տարածաշրջանային հանգույցների, գործող և նոր ստեղծվող գեներատորային համակարգերի տեղադրման նպատակով հողահատկացում կատարելու վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության մարզերում իրականացնել մոնիթորինգ Հայաստանի Հանրապետության տարածքում կարկտահարության հետևանքով գյուղատնտեսական մշակաբույսերին և տնտեսությանը պատճառված վնասների ծավալների գնահատման համար.

2) համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տարեկան հաշվետվություն Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային վտանգավոր երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգի ստեղծման ծրագրի իրականացման ընթացքի մասին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: