26 Օգոստոսի 2004, 1955 - Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ) ՊԱՅՄԱՆԱ- ԳՐԵՐՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթները և պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրերում պայմանագրային պարտավորությունների ամրագրման ու դրանց կատարման վերահսկման գործընթացը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրի տիպային ձևը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
ա) պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրերում ամրագրվում են միայն այնպիսի պարտավորություններ, որոնք նախատեսվել են պետական գույքը մասնավորեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ կամ առաջարկվել են գնորդի կողմից.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և (կամ) պետական գույքի մասնավորեցման (օտարման) մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրերում կարող են սահմանվել նաև այլ դրույթներ.
գ) պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրերով ամրագրված պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից` պայմանագրով նախատեսված կարգով ու ժամկետներում գնորդի կողմից ներկայացված հաշվետվությունների և պայմանագրային պարտավորությունների կատարումը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա իրականացվող ուսումնասիրությունների միջոցով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: