27 Մարտի 2008, 1039 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետով հաստատվող միջոցառումների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագիծը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մշակելիս` շահագրգիռ հանրապետական գործադիր մարմինների կողմից` սահմանված կարգով ներկայացված հայտերի առկայության դեպքում:
3. Հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման համար առաջին պատասխանատու հանրապետական գործադիր մարմիններին` համակատարողների հետ համատեղ նախօրոք հաշվարկել ծրագրային կոնկրետ միջոցառման իրականացման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նախատեսվող ծախսերը և դրանք ներկայացնել սեփական բյուջետային տարեկան հայտում, ինչպես նաև միջնաժամկետ ծախսային ծրագրերում:
4. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրային միջոցառումների կատարման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն N 2 հավելվածի:
5. Հանձնարարել միջգերատեսչական հանձնաժողովում ներգրավված հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին ու Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել հանձնաժողովի կազմում իրենց կողմից առաջադրված ներկայացուցիչների տվյալները:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։