16 Հոկտեմբերի 2008, 1166 - Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 348-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ու «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Շինարարություն, բարեկարգում» պետական փակ բաժնետիրական ընկերության (հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Արգիշտիի 1) բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով` «Շինարարություն, բարեկարգում» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանելով «Շինարարություն, բարեկարգում» փակ բաժնետիրական ընկերություն և սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2008 թվականի հուլիսի 9-ին գնահատված` «Շինարարություն, բարեկարգում» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 2867 հազ. դրամ.
2) աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը`
2867 հազ. դրամ.
3) «Շինարարություն, բարեկարգում» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2008 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 12738 հազ. դրամ, այդ թվում`
ա. կրեդիտորական պարտքեր` գնումների գծով՝ 284 հազ. դրամ,
բ. կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 12152 հազ. դրամ,
գ. այլ ընթացիկ պարտավորություններ` 302 հազ. դրամ:
4) Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ բաժնետոմսերի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, աճուրդի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
2) եռամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.
3) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված բաժնետոմսերի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 93600 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
3. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության` «Կարմիր գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն) ամրացված գույքի կազմից հետ վերցնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղում գտնվող` 90,6 քառ. մետր մակերեսով հին կաթսայատան շենքը (այսուհետ` գույք) ու դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,0340 հեկտար հողատարածքը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը` գույքի սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացնելով վերջինիս միջոցների հաշվին:
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինությանը հանձնված գույքն օտարել դասական աճուրդով և սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2008 թվականի հունիսի 27-ին գնահատված գույքի արժեքը` 781 հազ. դրամ.
2) աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը` 781 հազ. դրամ.
3) որ աճուրդի հաղթողին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,0340 հեկտար հողատարածքը` կադաստրային արժեքով.
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, աճուրդի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
2) եռամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.
3) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 40200 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով:
7. Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել եռամսյա ժամկետում` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
9. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում գտնվող 2 միավոր տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք), որպես գույքի առանձին տարրեր, օտարել դասական աճուրդով` համաձայն հավելվածի:
10. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով հաստատված` պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով 2008 թվականի հունիսի 2-ի դրությամբ գնահատված գույքի արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:
11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, աճուրդի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
2) եռամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը:
12. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի:
13. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
14. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
15. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց լուծարման մասին» N 348-Ն որոշման հավելվածի ցանկի 10-րդ կետը: