16 Հոկտեմբերի 2008, 1159 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.1-ին կետով.
«19.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացի կալանավորված կամ ազատազրկման դատապարտված անձն անձնագիր ստանում կամ այն փոխանակում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի (այսուհետ` քրեակատարողական հիմնարկ) վարչակազմի միջոցով: Սահմանված ձևի դիմումն այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ համապատասխան մարմին ներկայացնում է քրեակատարողական հիմնարկը:».
2) 22-րդ կետը «զբոսաշրջիկության հանգրվան,» բառերից հետո լրացնել «քրեակատարողական հիմնարկ,» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: