18 Սեպտեմբերի 2008, 1158 - Ն
ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Մինչև Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) համապատասխան ստորաբաժանումները՝
1) որակավորման տեսական քննությունների անցկացման համար նախատեսված տեխնիկական միջոցներով կահավորված քննասենյակներով ապահովելը` որակավորման տեսական քննություններն անցկացվում են գրավոր` ճանապարհային ոստիկանության կողմից հաստատված հարցաթերթիկների միջոցով, որոնցում ընդգրկվում են սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 22-րդ կետով նախատեսված հարցեր.
2) որակավորման գործնական քննությունների ընդունման համար կահավորված քննական տրանսպորտային միջոցներով ապահովելը` գործնական քննությունները կարող են անցկացվել տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեություն իրականացնող կազմակերպությունների ուսումնական տրանսպորտային միջոցներով` վերջիններիս համաձայնությամբ:
3. Սույն որոշմամբ սահմանված կարգի 54-րդ, 59-րդ և 62-րդ կետերը` վարորդական վկայականների պատրաստման համար սահմանված ժամկետներում ուժի մեջ են մտնում ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին վարորդական վկայական պատրաստելու համար նախատեսված սարքավորումներով ապահովելուց հետո:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) որակավորման տեսական քննությունների անցկացման տեխնիկական միջոցներով կահավորված քննասենյակներով և գործնական քննությունների անցկացման տրանսպորտային և տեխնիկական միջոցներով ապահովել`
ա. Երևան քաղաքի մեկ ստորաբաժանում` մինչև 2009 թվականի հունվարի 1-ը,
բ. Երևան քաղաքի մյուս ստորաբաժանումները և մարզային ստորաբաժանումները` 2 տարվա ընթացքում.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել վարորդական վկայական (ազգային և միջազգային) ստանալու, վարորդական վկայականը փոխանակելու, կորցրած վարորդական վկայականի կրկնօրինակն ստանալու համար անձի կողմից քննական մարմին ներկայացվող դիմումների, ժամանակավոր վարորդական վկայականի, տեսական քննության արդյունքների վերաբերյալ փաստաթղթի, քննությունների արդյունքների հաշվառման մատյանի, ազգային և միջազգային վարորդական վկայականներ տալու մատյանների ձևերը, դրանց լրացման ու պահպանման կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունող և վարորդական վկայական տվող uտորաբաժանումների քանակն ու տեղակայման վայրերը.
3) համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները սույն որոշման 3-րդ կետով և 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմնական և տեխնիկական միջոցներով ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսավորման ծավալների և աղբյուրների վերաբերյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ oրը: