Կառավարության որոշումներ

23 Հոկտեմբերի 2008, 1191 - Ա

ԲԵՌԼԻՆԻ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ «ՖՅՈՒՐ ԱՐՄԵՆԻԵՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՈՐՊԵՍ ԿԱՄԱՎՈՐ ՆԵՐԴՐՈՒՄ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Հիմնադրամների մասին», «Իրավական ակտերի մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Թույլատրել «Բեռլին» պոլիկլինիկա փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի N 25 հասցեում գտնվող 50244.4 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով և 2201.91 քառ.մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները (այսուհետ` գույք)` իրենց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 0.574315 հեկտար հողատարածքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց` գույքը հանձնելով «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը:

2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերը մարելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել «Բեռլին» պոլիկլինիկա փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին`

1) սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքներն ավարտելուց հետո գույքը Հայաստանի Հանրապետության անունից որպես կամավոր գույքային ներդրում «Ընտանեկան բժշկություն» ծրագիր իրականացնելու նպատակով սեփականության իրավունքով հանձնել Բեռլինի Կարմիր խաչի «Ֆյուր Արմենիեն» բարեգործական հիմնադրամին՝ պայմանով, որ «Բեռլին» պոլիկլինիկա փակ բաժնետիրական ընկերությունը կշարունակի նույն շենքում գործել որպես պոլիկլինիկա.

2) Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Բեռլին» պոլիկլինիկա փակ բաժնետիրական ընկերության տնօրենի և Բեռլինի Կարմիր խաչի արտասահմանյան համագործակցության բաժնի տնօրենի հետ համատեղ` ապահովել որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

5. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը ենթակա է իրականացման Բեռլինի Կարմիր խաչի «Ֆյուր Արմենիեն» բարեգործական հիմնադրամի միջոցների հաշվին: