25 Հունվարի 2005, 76 - Ն
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՌԵԺԻՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ, ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 50-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության արտակարգ իրավիճակի ռեժիմներ սահմանելու կարգը, հրահանգները, բնակչությանը մատակարարվող խմելու ջրի նվազագույն չափաքանակները, ինչպես նաև ջրային համակարգի կառավարչի կրած վնասների փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին` սույն որոշման պաշտոնական հրապարակումից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած աղետի գոտում ջրային ռեսուրսների վիճակի գնահատման, բացասական հետևանքների հնարավորինս արագ վերացման, ժամկետների սահմանման և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանը խոչընդոտող գործոնների հայտնաբերման նպատակով ստեղծվող` մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: