25 Սեպտեմբերի 2008, 1100 - Ն
ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ՀՆԱՈՃ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոuտիկանության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 19-րդ հոդվածի 1-ին մաuի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1566-Ն որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել հափշտակված հնաոճ առարկաների և մշակութային արժեքների հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1100 - Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ՀՆԱՈՃ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են հափշտակված հնաոճ առարկաները և մշակութային արժեքները հաշվառելու, հաշվառումից հանելու հիմքերը և կարգը:
2. Սույն կարգում օգտագործված են հետևյալ հասկացությունները`
1) հնաոճ առարկաներ` 75 տարվանից ավելի վաղեմություն ունեցող` մշակութային նշանակության առարկաներ և 50 տարվանից ավելի վաղեմություն ունեցող ստեղծագործություններ.
2) հափշտակված հնաոճ առարկայի կամ մշակութային արժեքի տեղեկատվական-որոնողական քարտ (այսուհետ` քարտ) (N 1 ձև)` հաշվառման փաստաթուղթ (հափշտակված հնաոճ առարկաների կամ մշակութային արժեքների վերաբերյալ), որը լրացնում է քրեական վարույթն իրականացնող մարմինը և ուղարկում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն (այսուհետ` ինֆորմացիոն կենտրոն)` հաշվառման վերցնելու համար.
3) հափշտակված հնաոճ առարկայի և մշակութային արժեքի տեղեկատվական-որոնողական քարտի դասակարգիչ (այսուհետ` դասակարգիչ) (N 2 ձև)` պայմանական ծածկագրերի ամբողջություն, որոնք անհրաժեշտ են քարտը լրացնելու և քարտում նշված տվյալները քարտադարան մուտքագրելու համար.
4) հաշվառում` հափշտակված հնաոճ առարկաներին կամ մշակութային արժեքներին վերաբերող` լրացված հաշվառման փաստաթղթի ընդունմանը, դրանում նշված տեղեկությունների մշակմանը, համակարգմանն ու պահպանմանն ուղղված գործողություններ.
5) հափշտակված հնաոճ առարկաների և մշակութային արժեքների քարտադարան (այսուհետ` քարտադարան)` ինֆորմացիոն կենտրոնի կազմում գործող uտորաբաժանում, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում ու պահպանվում են հափշտակված հնաոճ առարկաների և մշակութային արժեքների մասին տեղեկությունները:
3. Հափշտակված հնաոճ առարկան կամ մշակութային արժեքը հաշվառման վերցնելու համար հիմք է հանդիսանում քարտը, որը լրացնում է քրեական վարույթն իրականացնող մարմինը` 2 օրինակից` դասակարգչի համաձայն:
4. Քարտի մեկ օրինակը, այն լրացնելուց հետո 24 ժամվա ընթացքում, ուղարկվում է Ինֆորմացիոն կենտրոն՝ հափշտակված հնաոճ առարկան կամ մշակութային արժեքը հաշվառման վերցնելու համար, իսկ մյուս օրինակը պահվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի մոտ:
5. Քարտում նշվում են քրեական գործի համարը, քրեական գործի հարուցման օրը, ամիսը, տարեթիվը, քրեական վարույթն իրականացնող մարմնի անվանումը, հնաոճ առարկայի կամ մշակութային արժեքի տեսակը, անվանումը (վերնագիրը), ստեղծողը, ստեղծման ժամանակը, ստեղծման վայրը, չափսերը, քաշը, գնահատման արժեքը, ձեռքբերման աղբյուրը, բովանդակությունը, ոճը (ուղղությունը), կատարման տեխնիկան, երանգավորումը, նյութը, մակագրությունը (ստորագրություն, արձանագրություն, դրոշմ, նշան), համառոտ նկարագրությունը (ձև (ձևավորում), մանրամասն նկարագրություն, հատուկ նշաններ, թերություններ), հափշտակության կատարման ժամանակը, վայրը, նկարագրությունը, պատկանելությունը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ իրավաբանական անձանց անվանումը, կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ իրավաբանական անձանց գտնվելու վայրը, ֆիզիկական անձի բնակության վայրը:
6. Ինֆորմացիոն կենտրոնում ստացվող քարտերի հիման վրա ձևավորվում է քարտադարանը:
7. Քարտադարանի վարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից:
8. Հափշտակված հնաոճ առարկաները կամ մշակութային արժեքները հաշվառումից հանելու հիմքերն են`
1) հնաոճ առարկայի կամ մշակութային արժեքի հայտնաբերումը.
2) քրեական գործի կարճումը:
9. Քրեական վարույթն իրականացնող մարմինը սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետում նշված հիմքի առկայության դեպքում լրացնում է քարտի` իր մոտ գտնվող օրինակի 30-32-րդ կետերը, իսկ սույն կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետում նշված հիմքի առկայության դեպքում` քարտի 32-րդ կետը և լրացնելուց հետո 24 ժամվա ընթացքում ուղարկում է ինֆորմացիոն կենտրոն` հափշտակված հնաոճ առարկան կամ մշակութային արժեքը հաշվառումից հանելու համար:
10. Ինֆորմացիոն կենտրոնը սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետում նշված հիմքի առկայության դեպքում` հափշտակված հնաոճ առարկան կամ մշակութային արժեքը հաշվառումից հանում է անմիջապես, իսկ 8-րդ կետի 2-րդ ենթակետում նշված հիմքի առկայության դեպքում` ոչ շուտ, քան քրեական գործը կարճելու օրվանից 10 տարի հետո:
11. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված կարգով հաշվառումից հանված քարտերը հանվում են քարտադարանից և պահվում արխիվում` 10 տարի, որից հետո ոչնչացվում են: