25 Սեպտեմբերի 2008, 1075 - Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի N 499 և 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 6600 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 6076 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող Արարատի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 34 տոկոս բաժնետոմսերը (այսուհետ` բաժնետոմսեր) մասնավորեցնել դասական աճուրդով:
1) Աճուրդով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող 34 տոկոս բաժնետոմսերի անվանական արժեքը կազմում է 2245 հազ. դրամ, որը համապատասխանում է 449 բաժնետոմսի, յուրաքանչյուրը` 5000 դրամ անվանական արժեքով:
2) Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը` 2500 դրամ:
3) Արարատի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 1200 հազ. դրամ, այդ թվում`
ա. կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 73 հազ. դրամ,
բ. պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 395 հազ. դրամ,
գ. կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովության գծով` 252 հազ. դրամ,
դ. կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)` 286 հազ. դրամ,
ե. այլ կրեդիտորական պարտավորություններ` 140 հազ. դրամ,
զ. եկամուտներին վերաբերող շնորհներ` 54 հազ. դրամ:
4) Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
5) Արարատի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերությունը 1999-2007 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա. աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, աճուրդի անցկացման պայմանների և ժամկետների մասին,
բ. եռամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը,
գ. բաժնետոմսերի վաճառքի գնի վճարումից հետո երկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:
7) Աճուրդն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
8) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ ընկերության գտնվելու վայրի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում գտնվող «ԳԱԶ-3110» մակնիշի տրանսպորտային միջոցը (պետհամարանիշը` 297 ԼԼ 01, ձեռքբերման տարեթիվը` 1997 թ., թողարկման տարեթիվը` 1997 թ.) (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով:
1) Սահմանել`
ա. գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` հաշվեկշռային մեթոդով 2008 թվականի հուլիսի 24-ի դրությամբ գնահատված արժեքը` 1669 հազ. դրամ,
բ. օտարվող գույքի մեկնարկային գինը` 1669 հազ. դրամ:
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա. աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, աճուրդի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,
բ. եռամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը:
3) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին` աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո աճուրդի հաղթողի հետ մեկամսյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 18000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված վճարներն ու տուրքերը:
4) Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
5) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին: