Կառավարության որոշումներ

18 Սեպտեմբերի 2008, 1067 - Ա

ՄԱՐԱԼԻԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը

ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հ. Շահինյան փողոցում գտնվող` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տնօրինության` 2302324 դրամ հաշվեկշռային արժեքով և 233.74 քառ. մետր մակերեսով վարչական շենքն ու դրա սպասարկման համար հատկացված 0.13 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք) հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել Մարալիկի քաղաքային համայնքին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների իրականացումից հետո մեկամսյա ժամկետում Մարալիկի քաղաքապետի հետ համատեղ իրականացնել նվիրատվության պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են կատարման` Մարալիկի քաղաքապետարանի միջոցների հաշվին: