Կառավարության որոշումներ

11 Սեպտեմբերի 2008, 1030 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի 
N 882-Ն որոշմանը և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
  1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինության` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևի գյուղական համայնքում գտնվող «Տաթև-1» առողջարանի 3858,3 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել «Մինի-Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):
  2. Սահմանել`
  1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2008 թվականի օգոստոսի 8-ին գնահատված գույքի արժեքը` 48937 հազ. դրամ.
  2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 130 000 հազ. դրամ.
  3) որ գնորդին է օտարվում նաև 3,97 հեկտար հողամասը` իր կադաստրային արժեքով։
  3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
  1) օտարման պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում կատարել 300 մլն դրամի ներդրումներ` հետևյալ համամասնությամբ և ժամանակահատվածներում`
  ա. 1-ին տարում` 100 մլն դրամ,
  բ. 2-րդ տարում` 100 մլն դրամ,
  գ. 3-րդ տարում` 100 մլն դրամ.
  2) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 203280 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով։
  4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հատուկ հաշվին, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել համայնքի բյուջե: