2 Դեկտեմբերի 2004, 1932 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ «ԴԵՂՁԱՎԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԵՎ «ԻԾԱՔԱՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2005 թվականի սեպտեմբերի 1-ից ստեղծել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի «Դեղձավանի հիմնական դպրոց» և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի «Իծաքարի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններ` դրանց կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահելով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի «Դեղձավանի հիմնական դպրոց» և «Իծաքարի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության առարկան և նպատակը հանրակրթական բնույթի գործունեության իրականացումն է:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի «Դեղձավանի հիմնական դպրոց» և «Իծաքարի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններին իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում,
բ) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում,
գ) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում,
դ) սովորողների սննդի կազմակերպում,
ե) ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում:
4. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին`
ա) մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի «Դեղձավանի հիմնական դպրոց» և «Իծաքարի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները և ապահովել այդ կազմակերպությունների գրանցումը.
բ) սահմանել նշված կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնվող, ինչպես նաև անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2005/2006 ուսումնական տարվա սկզբին աշակերտների միջին տարեկան թվի ճշգրտմամբ պայմանավորված` դասարանների փաստացի կոմպլեկտավորման մասին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի կողմից ներկայացված տվյալների հիման վրա ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշման N 1 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի ենթակայության Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների դպրոցների ցանկերը համապատասխանաբար լրացնել «Դեղձավանի հիմնական դպրոց» և «Իծաքարի հիմնական դպրոց» բառերով:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: