Կառավարության որոշումներ

4 Սեպտեմբերի 2008, 1001 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդությունը և ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ ու 7-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
  1. Ելնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Արտամետի գյուղական համայնքի տարածքում գտնվող Արզնիի օդանավակայանի թռիչքուղու ընդլայնման անհրաժեշտությունից` սույն որոշման N 1 հավելվածով սահմանված` Նոր Արտամետի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող 2.87 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորմամբ`
  1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ այդ ծրագիրը նպատակ է հետապնդում ապահովելու Հայաստանի Հանրապետության պաշտպանության, պետության և հասարակության անվտանգությունը.  
  2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ հողամասի ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովող նորմատիվային պահանջները.
  3) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում նշված տարածքների սեփականատերերին:  
  2. Սահմանել, որ`
  1) սույն որոշման 1-ին կետով սահմանված տարածքները ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը.
  2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 2 ամիսը.
  3) օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետն է:
  3. Գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:
  4. Սույն որոշման 1-ին կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Արտամետի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող 2.87 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողամասերը` համաձայն 
N 2 հավելվածի, փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա:
  5. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին`
  1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.
  2) օրենքով սահմանված կարգով սեփականության օտարման գործընթացի ավարտից հետո ապահովել սույն որոշման 4-րդ կետով հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրված հողամասի` անհատույց մշտական օգտագործման իրավունքով տրամադրումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը.
  3) ապահովել սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:
  6. Սույն որոշումը, բացառությամբ 4-րդ կետի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  7. Սույն որոշման 4-րդ կետն ուժի մեջ է մտնում որոշման 1-ին կետով սահմանված տարածքների նկատմամբ ձեռք բերողի սեփականության իրավունքի գրանցման պահից: