Կառավարության որոշումներ

30 Դեկտեմբերի 2004, 1931 - Ն

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1474-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երևանի Ծիծեռնակաբերդի զբոսայգուն և Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրին ու Հայոց ցեղասպանության թանգարանին հարող տարածքների պահպանության ու շահագործման աշխատանքների բարելավման նպատակով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով` ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայոց ցեղասպանության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Երևանի քաղաքապետին:

2. Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրին ու Հայոց ցեղասպանության թանգարանին հարող և պետական սեփականություն հանդիսացող` Ծիծեռնակաբերդի զբոսայգու 988332,0 քառ. մետր տարածքն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով ամրացնել Երևանի քաղաքապետարանի «Հայոց ցեղասպանության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն հավելվածի:

3. Երևանի քաղաքապետին՝

ա) մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով հաստատել «Հայոց ցեղասպանության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը,

բ) 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ գույքագրել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Ծիծեռնակաբերդի զբոսայգու տարածքում վարձակալական իրավունքով տրամադրված և ինքնակամ զբաղեցված հողամասերի հետագա կարգավիճակի վերաբերյալ:

4. Սահմանել, որ Ծիծեռնակաբերդի զբոսայգու տարածքում թույլատրվում է միայն հասարակական սպասարկման ոլորտի առաջին անհրաժեշտության ժամանակավոր (սեզոնային) կետերի գործունեությունը` բացառապես Երևանի քաղաքապետի թույլտվությամբ:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտարային կազմակերպություններ ստեղծելու և «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տիպային (օրինակելի) կանոնադրությունը հաստատելու մասին» N 1474-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի 26-րդ կետը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։