Կառավարության որոշումներ

30 Դեկտեմբերի 2004, 1927 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1579-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, 8-րդ, 9-րդ ու 11-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչություն՝ առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով, և սահմանել, որ այն իր կանոնադրական նպատակներն ու խնդիրներն սկսում է իրականացնել «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության կառուցվածքը՝ համաձայն հավելվածի։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

ա) որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետի`

«դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) կրթական հաստատությունների գործունեության ու կրթական ծառայությունների արդյունավետության գնահատում, այդ հաստատությունների գործունեության վերլուծություն, զարգացման ուղղությունների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում և դրանց իրականացման խթանում».

«ժը» ենթակետը «պահպանում» բառից հետո լրացնել «և պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում» բառերով.

«իե» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «իե1» և «իե2» ենթակետերով.

«իե1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության համակարգերի որակի և արդյունավետության մոնիտորինգ, այդ բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության իրականացման արդյունավետության գնահատում.

իե2) կրթության զարգացման պետական ծրագրի և պետական կրթական չափորոշիչների կիրառման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում».

բ) որոշման N 2 հավելվածի երկրորդ բաժնի 2-րդ կետը լրացնել «Կրթության պետական տեսչություն» տողով։

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել կրթության պետական տեսչության կանոնադրությունը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։