23 Դեկտեմբերի 2004, 1854 - Ն
ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և անցկացման պայմանները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
ա) վարձատրվող հասարակական աշխատանքներում աշխատանք փնտրող քաղաքացիների ընդգրկման ժամկետը և ծրագրերի տևողությունը մինչև 3 ամիս է.
բ) վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկված անձանց յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար սահմանվում է 1100 դրամ, որի նկատմամբ հաշվարկվում են պետական հարկերը և սոցիալական վճարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծախսային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին.
գ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծախսային ծրագրով նախատեսված միջոցների 0,75 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրի ուղեկցման աշխատանքների (գրասենյակային ապրանքներ և նյութեր, գործուղման, կապի և էլեկտրաէներգիայի ծախսեր), իսկ 0.75 տոկոսը` Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) կողմից իրականացվող ծրագրի ուղեկցման աշխատանքների (գործուղման, կապի և էլեկտրաէներգիայի ծախսեր) ֆինանսավորմանը:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
ա) մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի հետ համատեղ հաստատել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների բաշխումը` ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի (Երևան քաղաքի)` հաշվի առնելով յուրաքանչյուր մարզի (Երևան քաղաքի) գործազուրկների թիվը, գործազրկության մակարդակը և աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքների թիվը.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի հետ համատեղ հաստատել զբաղվածության աջակցության մարզային (Երևանի քաղաքային) հանձնաժողովի օրինակելի կանոնադրությունը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 222 որոշման 4-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 21-ի «Աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 434 որոշման 5-րդ կետի «ա» ենթակետը և 2002 թվականի ապրիլի 29-ի «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 473 որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից: