14 Օգոստոսի 2008, 908 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՈՒ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասը և 1973 թվականի մարտի 3-ին Վաշինգտոնում ստորագրված ու 1979 թվականի հունիսի 22-ին Բոննում լրամշակված «Անհետացման եզրին գտնվող վայրի բուսական և կենդանական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (այսուհետ` կոնվենցիա) 9-րդ հոդվածի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը` նրան վերապահելով նաև նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված այլ կողմերի և քարտուղարության հետ հաղորդակցման իրավասությունը:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ապահովել կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված գիտական մարմնի իրավասություն ունեցող միջգերատեսչական խորհրդի ստեղծումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: