Կառավարության որոշումներ

18 Նոյեմբերի 2004, 1844 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 898 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման արդյունավետությունը և բնականոն գործընթացն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

ա) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) հանրային ծառայություններ մատուցող պետական մասնակցությամբ այն առևտրային կազմակերպությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի, որոնց ֆինանսատնտեսական մոնիտորինգը, դրանց պետական բաժնետոմսերը կառավարող պետական կառավարման լիազոր մարմինների հետ համատեղ, իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից,

գ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից ֆինանսատնտեսական մոնիտորինգի իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրվող ցուցանիշների մասին տեղեկանքների ձևերը` համաձայն NN 3-6 հավելվածների:

2. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության այն պետական կառավարման մարմինները, որոնց վերապահված է պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական մոնիտորինգն իրականացնում են սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատված ֆինանսատնտեսական մոնիտորինգի ձևերով պահանջվող տվյալների համաձայն.

բ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններ ֆինանսատնտեսական մոնիտորինգի շրջանակներում տեղեկատվությունը ներկայացվում է եռամսյակային կտրվածքով` մինչև նշված ժամանակահատվածներին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատված ֆինանսատնտեսական մոնիտորինգի ձևերին համապատասխան.

գ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը) սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված ցանկում ընդգրկված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի 9-րդ կետով սահմանված տեղեկատվությունը ներկայացնում են ամսական կտրվածքով (աճողական)` մինչև հաշվետու ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ը.

դ) սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված տեղեկանքները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացվում եռամսյակային պարբերականությամբ (աճողական)` մինչև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը (ներառյալ 4-րդ եռամսյակը), իսկ տարեկան կտրվածքով ճշգրտված վերջնական ցուցանիշները` մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 5-ը.

ե) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը, սույն որոշմամբ իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում, մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա ավարտը Հայաստանի Հանրապետության վարչապետին են ներկայացնում իրականացված ֆինանսատնտեսական մոնիտորինգի արդյունքների վերլուծության մասին տեղեկանքներ` եռամսյակային կտրվածքով (ներառյալ 4-րդ եռամսյակը).

զ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացվող տեղեկանքի պատճենը միաժամանակ ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն.

է) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարները սույն որոշման 1-ին կետի «ա» և «գ» ենթակետերով հաստատված կարգին և տեղեկանքներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատված ֆինանսատնտեսական մոնիտորինգի ձևերին համապատասխան տեղեկատվությունը ներկայացնում են մինչև ֆինանսատնտեսական մոնիտորինգի ենթակա պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների մասնավորեցման պայմանագրի ստորագրման կամ դրանց լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահը, որից հետո այդ կազմակերպություններն ինքնաբերաբար համարվում են ցանկից հանված.

ը) սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված ցանկում ընդգրկված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում իրավահաջորդ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները ևս համարվում են ֆինանսատնտեսական մոնիտորինգի ենթակա:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից ֆինանսատնտեսական մոնիտորինգի ձևերը հաստատվում են նախապես Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցվելուց հետո:

4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` 100 տոկոսից պակաս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների առաջիկա հերթական կամ արտահերթ ընդհանուր ժողովների քննարկմանը և հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատված ֆինանսատնտեսական մոնիտորինգի ձևերին համապատասխան տեղեկատվության տրամադրման հարցը:

5. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական մոնիտորինգի մեթոդաբանության հետագա կատարելագործման իրավասույունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ֆինանսատնտեսական մոնիտորինգի ենթակա պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 898 որոշումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: