14 Օգոստոսի 2008, 906 - Ա
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի միջնորդությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Բնակարանների սեփականաշնորհման մասին» N 26-Ա որոշման համաձայն «Գալակտիկա» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված և որպես պետական սեփականություն հանդիսացող բնակարաններ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի տնօրինությանը հանձնված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնիի գյուղական համայնքի տարածքում գտնվող NN 1, 3, 4, 5, 6, 7, 8, 11Ա և 11Բ շենքերի չսեփականաշնորհված բնակարանները հետ վերցնել և նվիրաբերել Գառնիի գյուղական համայնքին` դրանցում բնակվող բնակիչներին որպես բնակելի տարածք նվիրաբերելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնիի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանների համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը, հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, բնակելի տարածքների նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` առաջարկելով նշված համայնքի ղեկավարին դրանք իրականացնել համայնքի միջոցների հաշվին: