7 Օգոստոսի 2008, 903 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 247-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 247-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կանոնադրության 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժէ» ենթակետով.
«ժէ) ըստ անհրաժեշտության ստեղծում է խորհուրդներ, հանձնաժողովներ և հանձնախմբեր»։
2. Լուծարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի մաքսային գործի կատարելագործման և միջազգային հարաբերությունների վարչությունը, մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչությունը, մաքսասակագնային կարգավորման վարչությունը, տեղեկատվական հոսքերի կարգավորման վարչությունը, մաքսային վերահսկողության վարչությունը, ռադիոկապի ծառայությունը, նոր Հաճնի մասնագիտացված մաքսային կետը և ստեղծել մաքսային գործի ռազմավարության և միջազգային հարաբերությունների վարչություն, մաքսային վիճակագրության, վերլուծության և ռիսկերի կառավարման վարչություն, մաքսային հսկողության վարչություն, ավտոմատացված համակարգերի ղեկավարման և ծրագրային ապահովման վարչություն, նախաբացթողումային հսկողության վարչություն, ներքին դիտարկումների և հսկողության վարչություն և ուսումնական կենտրոն: Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: