Կառավարության որոշումներ

10 Հուլիսի 2008, 872 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ԱՅՆՏԵՂ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում հատուկ կացարանի գործունեության և ձերբակալված օտարերկրացիներին այնտեղ պահելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում հատուկ կացարանի կանոնադրությունը, կառուցվածքը, ծառայողների հաստիքացուցակները, օտարերկրացու ձերբակալման մասին արձանագրության ձևը, ձերբակալվածների հաշվառման գրանցամատյանի, ձերբակալվածների առաջարկությունների, դիմումների և բողոքների գրանցամատյանի, ձերբակալված օտարերկրացիներին տեսակցող անձանց գրանցամատյանի ձևերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից: