Կառավարության որոշումներ

16 Դեկտեմբերի 2004, 1795 - Ն

ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱԱԿՏԻՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԼՎԱՑՈՂ ՈՒ ՄԱՔՐՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների բազմազանությունը, շուկայում դրանց ծավալները և օգտագործման ժամանակ մարդու կյանքին և առողջությանը, շրջակա միջավայրին, այդ թվում՝ կենդանական և բուսական աշխարհին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշման պաշտոնական հրապարակման պահից՝

ա) 2 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների արտադրության և իրացման սանիտարական կանոններն ու նորմերը.

բ) 3 ամսվա ընթացքում մշակել հիգիենիկ եզրակացության տրամադրման կարգը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ հաստատման.

գ) մեկ տարվա ընթացքում մակերևութաակտիվ միջոցներ և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցներ արտադրող այն պետությունների առողջապահական մարմինների հետ, որոնց արտադրանքը ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն, կնքել հիգիենիկ եզրակացությունների փոխճանաչման պայմանագրեր։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու տարի հետո։