Կառավարության որոշումներ

31 Հուլիսի 2008, 817 - Ա

ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՆԵՏԻԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ XI ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ (ԲԻԵՆՆԱԼԵ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իտալիայի Վենետիկ քաղաքում 2008 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև նոյեմբերի 23-ը կայանալիք ճարտարապետական XI միջազգային ցուցահանդեսին (բիեննալե) Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ համատեղ կազմակերպել ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառներում ձեռքբերումներն արտացոլող Հայաստանի Հանրապետության տաղավարի ցուցադրությունը և դրա հետ կապված անհրաժեշտ միջոցառումների իրականացումը.

2) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն Վենետիկում կայանալիք ցուցահանդեսի շրջանակներում հայկական տաղավարի հանդիսավոր բացմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության, ինչպես նաև Վենետիկ գործուղվող աշխատանքային խմբի կազմերի վերաբերյալ:

2. Վենետիկում կայանալիք ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տաղավարի, ցուցահանդեսի պատրաստման և միջոցառման անցկացման հետ կապված կազմակերպչական ծախսերը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2008 թվականի երրորդ եռամսյակում համապատասխանաբար հատկացնել 3,614.0 հազ. դրամ և 6,223.7 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):