24 Հուլիսի 2008, 796 - Ն
«ՍԱԿԱՎԱՊԱՀՈՎ ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ 9-ՐԴ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Բարեգործական որակել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 2008 թվականի հունվարի 16-ին փոխանակված հայտագրի հիման վրա Ճապոնիայի կառավարության Զարգացմանն ուղղված պաշտոնական օգնության «Սակավապահով ֆերմերների համար դրամաշնորհային աջակցություն» (նախկինում` 2KR) ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված 170 մլն իենի չափով հերթական` 9-րդ դրամաշնորհային ծրագիրը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում 2008-2009 թվականներին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համար նրա ներկայացուցիչ «Նուռնուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հասցեով Հայաստանի Հանրապետություն ներմուծվելիք գյուղատնտեսական տեխնիկայի` 5 միավոր հացահատիկահավաք կոմբայնի, 29 միավոր տրակտորի, 4 միավոր գութանի,
11 միավոր հավաքիչ-մամլիչի և դրանց պահեստամասերի ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց երկաթուղային փոխադրման, այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ճանապարհներից օգտվելու, շրջակա միջավայրի աղտոտման դիմաց վճարման, սերտիֆիկացման, մաքսային ձևակերպման, պահպանության, գործակալի գործունեության և հետագա օտարման գործարքները որակել որպես այդ ծրագրի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրա համար զգալի նշանակություն ունեցող:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 2-րդ կետում նշված ապրանքների հետագա տնօրինման վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։