Կառավարության որոշումներ

24 Հուլիսի 2008, 774 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը, որպես գույքի առանձին տարրեր, դասական աճուրդով օտարել «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` սույն որոշման հավելվածում նշված գույքը (այսուհետ՝ գույք)` դրա մեկնարկային գինը սահմանելով հավելվածում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2008 թվականի հունիսի 18-ին գնահատված արժեքները:

2. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի առանձին տարրերի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում.

3) աճուրդի անցկացման օրվանից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

4. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` դրանք ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) oտարումից մուտքեր» գանձապետական հաշվին: