25 Նոյեմբերի 2004, 1725 - Ն
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել «Պետպոլիմեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:
2. Հաստատել «Պետպոլիմեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի՝ կանոնադրական կապիտալը սահմանելով՝ 100.000 (հարյուր հազար) դրամ:
3. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածներով սահմանված՝ մասնակցի լիազորությունները վերապահել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. Մասնակցի բաժնեմասի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Պետպոլիմեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի և պետական գրանցման հետ կապված վճարումները` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
6. Առաջարկել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովին, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ մասի, ընկերության գործադիր մարմնի լիազորությունները պայմանագրային հիմունքներով հանձնել «Պետպոլիմեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: