Կառավարության որոշումներ

10 Հուլիսի 2008, 737 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի քաղաքային համայնքի ղեկավար Շավարշ ՍԵդրակյանի լիազորությունները:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Կոտայքի մարզի Բյուրեղավանի քաղաքային համայնքի ընտրատարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի քաղաքային համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2008 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 1362565 դրամ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2008 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 728815 դրամ։

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն N 3 հավելվածի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։