3 Հուլիսի 2008, 691 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի N 17-Ա որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գույքը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տնօրինությանը հանձնելուց հետո դրանից առանձնացնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի տարածքում գտնվող երկաթգծի NN 49 և 52 մեկհարկանի, համապատասխանաբար 170,0 քառ. մետր` կառուցված 1955 թվականին և 82,1 քառ. մետր` կառուցված 1965 թվականին, բնակելի շենքերը` յուրաքանչյուրը 122 000 դրամ հաշվեկշռային արժեքով, և այդ շենքերով զբաղեցված, դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այնտեղ բնակվողներին սեփականության իրավունքով անհատույց օտարելու պայմանով, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքային համայնքին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքապետի հետ կնքել նվիրաբերության պայմանագիր` սահմանելով, որ սույն որոշման 1-ին կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքային համայնքի միջոցների, իսկ բնակիչներին սեփականության իրավունքով անհատույց օտարելու դեպքում` բնակիչների միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։