Կառավարության որոշումներ

5 Հունիսի 2008, 676 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ԳԼՈԲԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան, «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործում (ցանցի շահագործում)» գործունեության տեսակի լիցենզիա և ռադիոահաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու համար մրցույթ (այսուհետ` մրցույթ) անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Մրցութային հանձնաժողով ստեղծելու և մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 1543-Ն որոշմամբ ստեղծված մրցութային հանձնաժողովի կողմից մշակված մրցույթի կազմակերպման կանոններին` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատվելիք հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիայի, ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության, համարներ զբաղեցնելու թույլտվության նմուշային ձևերին և ապագա լիցենզավորված անձին ներկայացվող պայմանների նախագծին` համաձայն NN 2-5 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) մրցութային փաթեթը ձեռք բերելու համար հետաքրքրված կողմերի կողմից կատարվող վճարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե գանձելու նպատակով բացել համապատասխան հաշիվ և սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին տրամադրել համապատասխան տեղեկատվություն.

2) Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տեղեկատվական (գովազդային) ծառայություններ» հոդվածով) 2008 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 15 մլն դրամ`

«Ուոլ Սթրիթ Ջորնալ և (կամ) «Ֆայնենշլ Թայմզ» թերթերում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 15-օրյա ժամկետում հայտարարություն հրապարակելու նպատակով ծառայություն ձեռք բերելու համար.

3) Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարչական (իրավաբանական) ծառայություններ» հոդվածով) 2008 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 166673.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության կարիքների համար իրավական բնույթի խորհրդատվական ծառայություն ձեռք բերելու համար.

4) ընդունել ի գիտություն, որ սույն կետով նախատեսված ծառայությունները ձեռք են բերվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` մրցակցության բացակայությամբ պայմանավորված.

5) սույն որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1267 որոշմամբ նախատեսված գնման ընթացակարգի և պայմանագիրը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխանելու հանգամանքը հավաստող լիազոր մարմնի գրավոր եզրակացությունը և ապահովել նշված գնման պայմանագրի ֆինանսավորումը:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում հաստատել մրցութային փաստաթղթերի փաթեթը, որը ներառելու է սույն որոշման 1-ին կետում նշված փաստաթղթերը, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված մրցույթի կազմակերպման կանոնների 6-րդ կետի «դ» ենթակետով սահմանված այլ փաստաթղթեր:

4. Հանձնարարել մրցութային հանձնաժողովին սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 20-օրյա ժամկետում հրապարակել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված մրցույթի կազմակերպման կանոնները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: