26 Հունիսի 2008, 670 - Ն
«ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերությանը (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, գ. Նորատուս) (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողատարածքների վրա տեղակայված` «Ար Ռադիո Միջմայրցամաքային» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրամադրված անշարժ գույքով և «Ար Ռադիո Միջմայրցամաքային» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրամադրված այլ հիմնական միջոցներով` համաձայն հավելվածի, վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված, պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
1) Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերը մարելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
2) Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:
2. Սույն որոշման հավելվածով առանձնացված գույքը հանձնել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնված` սույն որոշման հավելվածում նշված` ընկերության կողմից «Ար Ռադիո Միջմայրցամաքային» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրված այլ հիմնական միջոցները (բացառությամբ անշարժ գույքի) (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Ար Ռադիո Միջմայրցամաքային» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ալեք Մանուկյան 5) (այսուհետ` գնորդ):
1) Սահմանել`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի նոյեմբերի 5-ին գույքի գնահատված արժեքը` 65 877.2 հազ. դրամ,
բ. ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի վաճառքի գինը` 65 877.2 հազ. դրամ:
2) Սահմանել, որ գնորդը պարտավորվում է`
ա. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 16800 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
բ. միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների պատվերով ռադիոծրագրերի հեռարձակումը նախապես համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ:
3) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4) Վաճառքի գինն ուղղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման հավելվածում նշված գույքի առանձնացման գործընթացն օրենքով սահմանված կարգով ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնված` ընկերության կողմից «Ար Ռադիո Միջմայրցամաքային» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալության իրավունքով տրված 1694.3 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երկարաժամկետ վարձակալությամբ տրամադրել «Ար Ռադիո Միջմայրցամաքային» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման հավելվածում նշված` գույքի առանձնացման գործընթացն օրենքով սահմանված կարգով ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում «Ար Ռադիո Միջմայրցամաքային» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել սույն որոշման 4-րդ կետով նշված գույքի նոր վարձակալական պայմանագիր:
2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում «Ար Ռադիո Միջմայրցամաքային» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված` սույն որոշման 4-րդ կետով վարձակալությամբ հանձնվող անշարժ գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքի հողօգտագործման պայմանագիրը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: