Կառավարության որոշումներ

12 Հունիսի 2008, 642 - Ա

ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ (ԿՈՒՄԱՅՐԻ) ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին, 2008 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 380-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի «4.3.12. Քաղաքաշինությունը» բաժնի երրորդ պարբերության դրույթներին համապատասխան և ելնելով Գյումրի քաղաքի ճարտարապետական ու պատմամշակութային միջավայրի պահպանման և քաղաքաշինական վերականգնման խնդիրների լուծման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հավանություն տալ Գյումրի քաղաքի պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնման ու զարգացման (Կումայրի) ծրագրի գերակա ուղղությունները` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`

1) Գյումրի քաղաքի պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնման ու զարգացման (Կումայրի) ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրագործման աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև ծրագրին առնչվող քաղաքաշինական, մշակութային, հողօգտագործման, տնտեսական զարգացման և այլ խնդիրների համակարգված լուծման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և 5-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հանձնաժողովի անհատական կազմը.

2) սույն կետի 1-ին ենթակետով ստեղծված հանձնաժողովում քննարկել և`

ա. մինչև 2008 թվականի դեկտեմբերի 15-ը` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Գյումրի քաղաքի ճարտարապետական ու պատմամշակութային միջավայրի պահպանման և քաղաքաշինական վերականգնման (Կումայրի) ծրագիրը.

բ. Գյումրի քաղաքի ճարտարապետական ու պատմամշակութային միջավայրի պահպանման և քաղաքաշինական վերականգնման (Կումայրի) ծրագրի մշակման շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Գյումրի քաղաքում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների առանձնացման, գործունեության կարգի, կառուցապատման ռեժիմների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի N 295-Ն որոշմամբ հաստատված` Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծով ամրագրված «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի իրավական կարգավիճակի փոփոխման վերաբերյալ առաջարկությունները:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնել հետևյալ օբյեկտների նախագծային փաստաթղթերի կազմման վերաբերյալ` դրանց կառուցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով իրականացվող կապիտալ շինարարության օբյեկտների ցանկում ներառելու համար`

1) նախկին «Շիրակ» հյուրանոցի ապամոնտաժում և տեղում մարզային գրադարանի ու Շիրակի երկրագիտական թանգարանի շենքի կառուցում.

2) Գյումրու կոնդենսատորների գործարանի ճաշարանի մասնաշենքի վերակառուցում, ընդլայնում և հարակից տարածքի բարեկարգում (ներառելով նաև «Գյուկոնդ» բաց բաժնետիրական ընկերության հետ նվիրատվության պայմանագրի կնքման հետ կապված ծախսերը)` Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ ստեղծելու նպատակով.

3) Սևյանի անվան երկաթուղայինների մշակույթի պալատի վերականգնում ու կայարանամերձ հրապարակի բարեկարգում:

4. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանն առաջին կիսամյակում հատկացնել`

1) 6,010.0 հազ. դրամ` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում` մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմված աշխատանքային խմբերի միջոցով գույքագրման, հաշվառման և ծրագրի մշակման համար անհրաժեշտ այլ ելակետային նյութերի հավաքագրման աշխատանքները կազմակերպելու նպատակով՝ համաձայն N 2 հավելվածի.

2) 1,000.0 հազ. դրամ` 2008 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին շինարարական նոր տեխնոլոգիաների խրախուսման համար նախագծային առաջարկների մրցույթ կազմակերպելու նպատակով, որից`

ա. 500.0 հազ. դրամ` նախագծային առաջարկների մրցութային ֆոնդի ձևավորման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով),

բ. 500.0 հազ. դրամ` նախագծային առաջարկների մրցույթի անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքների իրականացման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

5. Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին` ապահովել իրենց կանոնադրական խնդիրների շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը` սույն ծրագրի խնդիրներին առնչվող մասով: