21 Հոկտեմբերի 2004, 1617 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1.1. Հաշվեկշռային մեթոդով 16323 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Անահիտ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):
1.2. Սահմանել`
ա) «Անահիտ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 162 հազ. դրամ.
բ) «Անահիտ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 130 հազ. դրամ.
գ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 130 հազ. դրամ:
1.3. «Անահիտ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 16161 հազ. դրամ, այդ թվում՝
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 84 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 100 հազ. դրամ,
նպատակային ֆինանսավորման և մուտքերի գծով` 15977 հազ. դրամ:
1.4. «Անահիտ» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
1.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
1.6. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 758-Ն որոշմամբ «ԲԷՑ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հաշվեկշռային մեթոդով 175586 հազ. դրամ գնահատված արժեքով առանձնացված «Այգեզարդի» ՀԷԿ-ի անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով:
2.2. Սահմանել մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի նվազագույն գինը` 43897 հազ. դրամ:
2.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ մասնավորեցվող գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,
գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
ա) մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը,
բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:
2.5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
2.6. Մրցույթի հաղթողը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրության ստորագրման օրվանից մեկ ամսվա ընթացքում:
2.7. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին՝ ճշտել «Այգեզարդի» ՀԷԿ-ի անավարտ շինարարության օբյեկտի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի չափը և գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:
2.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. «Կոլչեդան» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել Մեղրու բազայի լուծարումից հետո մնացած՝ 13640 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող գույքը (Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Վարդանիձորի գյուղական համայնք, Այգեձորի տարածք) և այն հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ բաժնետոմսերի ձեռքբերման ու մարման եղանակով համապատասխան չափով նվազեցնելով «Կոլչեդան» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
3.2. Սահմանել, որ սույն որոշման 3.1-ին կետում նշված գործարքի արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկի վճարումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ կետով սահմանված կարգով:
3.3. «Կոլչեդան» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացված Մեղրու բազայի լուծարումից հետո մնացած՝ 13640 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող գույքը մասնավորեցնել մրցույթով:
3.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 3410 հազ. դրամ:
3.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ մասնավորեցվող գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,
գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
ա) մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը,
բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով։
3.7. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի գնահատված արժեքի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
3.8. Մրցույթի հաղթողը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրության ստորագրման օրվանից մեկ ամսվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տնօրինության` Երևանի Սեբաստիայի 9 հասցեում գտնվող (նախկին սանհանգույցներ) 66 քառ. մետր տարածքն ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ Արշալույս Բեսալյանին (անձնագիր` AC 0661928, տրված` 011-ի կողմից, այսուհետ` գնորդ):
4.2. Սահմանել
ա) տարածքի` հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 361 հազ. դրամ,
բ) տարածքի վաճառքի գինը` 400 հազ. դրամ:
4.3. Սահմանել, որ գնորդը պարտավորվում է`
ա) 2 տարվա ընթացքում կատարել 3 մլն դրամի չափով ներդրումներ, որից`
առաջին տարում` 2 մլն դրամ,
երկրորդ տարում` 1 մլն դրամ.
բ) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել տարածքի վաճառքի գումարը.
գ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սահմանված 400 հազ. դրամի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
5.1. «Սուրենավանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 15-ի N 811-Ն որոշմամբ առանձնացված «Սուրենավանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության N 1 ԿԱԼԿ-ն (Հայաստանի Հանրապետություն, Վայոց ձորի մարզ, քաղ. Ջերմուկ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Կորյուն Ստեփանյանին (անձնագիր` AA 0481476, տրված` 035-ի կողմից, այսուհետ` գնորդ):
5.2. Սահմանել`
ա) «Սուրենավանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության N 1 ԿԱԼԿ-ի` հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 884 հազ. դրամ.
բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի գինը` 133 հազ. դրամ:
5.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարել իր հաշվին:
5.4. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: