Կառավարության որոշումներ

11 Նոյեմբերի 2004, 1607 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՁՈՐ ԳՅՈՒՂԻ ՓԱՅՏՅԱ ՏՆԵՐՈՒՄ ԱՊՐՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի փայտյա տներում ապրող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝

ա) N 1 հավելվածում կատարել վերաբաշխում՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) N 1 հավելվածի NN 15 և 16 աղյուսակներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն N 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի փայտյա տներում ապրող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագիրն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացնել 40000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):

4. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի փայտյա տներում ապրող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագիրը՝ համաձայն N 4 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի փայտյա տներում ապրող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման 2004 թվականի ծրագիրը` համաձայն N 5 հավելվածի:

5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի փայտյա տներում ապրող ընտանիքների բնակարանային խնդիրները լուծվում են պետական ֆինանսական անհատույց աջակցություն (այսուհետ՝ աջակցություն) տրամադրելու միջոցով՝ անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու կամ շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար` համաձայն սույն որոշման 4-րդ կետի «ա» ենթակետով հաստատված ծրագրի դրույթների:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝

ա) Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի փայտյա տներում ապրող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար նախատեսված հատկացումները միանվագ փոխանցել աջակցություն ստացող քաղաքացիների կողմից գործակալ բանկում բացված նպատակային ավանդային հաշիվներին.

բ) Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեների նախագծերը կազմելիս քննարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի փայտյա տներում ապրող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցներ հատկացնելու հնարավորության հարցը:

7. Սույն որոշման 4-րդ կետով հաստատված ծրագրի իրականացման պատասխանատու ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: