11 Նոյեմբերի 2004, 1602 - Ն
«ՓՈՔՐ ՄՀԵՐ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
2. Հաստատել «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի։
3. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Հայ Արիներ» հայկազունների ազգային սկաուտական-կադետական-սեպուհական միության վարչության համաձայնությունը՝ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 100-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի համաձայն դադարեցնել Հայաստանի Հանրապետության «Հայ Արիներ» հայկազունների ազգային սկաուտական-կադետական-սեպուհական միության իրավունքները հանրակրթական նպատակով օգտագործվող` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քանաքեռավանի գյուղական համայնքի տարածքում գտնվող մեկ հեկտար հողամասի նկատմամբ՝ այն «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ մեկամսյա ժամկետում ապահովել սույն կետում նշված հողամասի հատկացումը և դրա նկատմամբ «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքային իրավունքների պետական գրանցումը:
4. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության տնկարանային տնտեսության իրավունքները Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող 15 հեկտար անտառային նշանակության հողերի նկատմամբ, դրանք փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա՝ «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն կետում նշված հողերի հատկացումը և դրանց նկատմամբ «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքային իրավունքների պետական գրանցումը:
5. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին՝ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերում նշված հողամասերն անհատույց օգտագործման իրավունքով «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելը և համապատասխան գույքային իրավունքների պետական գրանցումը:
6. «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովունու գյուղական համայնքի հարևանությամբ գտնվող`
մ. թ. ա 2-րդ հազարամյակում կառուցված «Կարմիր բերդ» ամրոց» պատմամշակութային հուշարձանը:
Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին`
ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովունու գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ ճշտել «Կարմիր բերդ» ամրոց» պատմամշակութային հուշարձանի և դրա պահպանական գոտու տարածքների սահմանները.
բ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել պատմամշակութային արժեքների անհատույց օգտագործման մասին պայմանագիր:
7. Ընդունել Հայաստանի Հանրապետության «Հայ Արիներ» հայկազունների ազգային սկաուտական-կադետական-սեպուհական միության ու «Փոքր Մհեր» հիմնադրամի առաջարկությունը և թույլատրել «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը նրանցից որպես նվիրաբերություն ստանալ «Փոքր Մհեր» հիմնադրամի կողմից հանրակրթական նպատակներով օգտագործվող շենքերն ու գույքը:
Սահմանել, որ սույն կետի համաձայն որպես նվիրաբերություն ստացված շենքերն ու գույքը կարող են անհատույց օգտագործվել Հայաստանի Հանրապետության «Հայ Արիներ» հայկազունների ազգային սկաուտական-կադետական-սեպուհական միության և «Փոքր Մհեր» հիմնադրամի կողմից՝ չխոչընդոտելով «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը:
8. Սահմանել, որ «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանման ծախսերը կատարվում են ռազմաուսումնական հաստատության համար նախատեսված չափերով ու պայմաններով:
9. Սահմանել, որ`
ա) «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են`
հանրակրթական տարրական, հիմնական, միջնակարգ, լրացուցիչ ռազմահայրենասիրական, հայկազունական-կադետական-սեպուհական ու կրթահամալիրի կանոնադրությամբ նախատեսված կրթական և այլ ծրագրերի իրականացումը, որը կնպաստի անչափահասների, այդ թվում՝ մուրացիկ, թափառաշրջիկ և անապահով երեխաների ռազմահայրենասիրական պատրաստությանը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համազորային կանոնադրությունները,
հանրակրթական և հայկազունական-կադետական-սեպուհական լրացուցիչ կրթական ծրագրերի հիման վրա սովորողների անհատականության ձևավորումը, նրանց նախապատրաստումն ինքնուրույն կյանքին, աշխատանքին, հասարակական գործունեությանը և հայրենիքին ծառայելուն,
սաների նախապատրաստումը ռազմական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդունվելու համար՝ նրանց մեջ ձևավորելով և զարգացնելով զինվորական պարտքի նկատմամբ հավատարմության զգացում,
ուսուցման և դաստիարակության իրականացումը՝ ի շահ սանի, հասարակության և պետության՝ ապահովելով սաների բազմակողմանի զարգացումը, առողջության պահպանումը, ինքնակրթության և լրացուցիչ կրթության համար բավարար պայմանների ստեղծումը,
կրթահամալիրի կանոնադրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացումը.
բ) «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան է՝
կրթահամալիրի կանոնադրական խնդիրներին համապատասխան` սահմանված կարգով գիշերօթիկ կադետական կրթահամալիրի ստեղծումը,
սաների համակողմանի կրթությունը և դաստիարակությունը, նրանց նախազորակոչային պատրաստությունն ապահովելը,
բանակումների, արշավների, մրցումների, իրականացվող կրթական ծրագրերից բխող այլ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը,
կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով նաև օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ համագործակցելը:
10. Թույլատրել «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
ա) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում,
բ) սովորողների սննդի կազմակերպում,
գ) ուսումնաարտադրական գործունեության իրականացում և արտադրանքի իրացում:
11. «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված այն լիազորությունները, որոնք կրթահամալիրի կանոնադրությամբ չեն վերապահվել կրթահամալիրի հոգաբարձուների խորհրդին, վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին:
12. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:
13. «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև նրան հանձնվող գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցների հաշվին:
14. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ լիազորված պետական մարմնի կողմից ներկայացված բյուջետային հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսել անհրաժեշտ միջոցներ` «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ֆինանսավորման համար, քննարկել կրթահամալիրի ուսումնական շենքի և այլ շինությունների կառուցման, ինչպես նաև կրթահամալիր տանող ճանապարհի նորոգման համար գումարներ նախատեսելու հնարավորության հարցը:
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հանրակրթական գործունեությունն իրականացվում է 2005 թվականի հունվարի 1-ից: