Կառավարության որոշումներ

17 Ապրիլի 2008, 545 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` 2008/2009 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ԶԵՂՉԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՎՃԱՐՈՎԻ) ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետին ու «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2008/2009 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) 4182 և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) 5881 առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով ընդունելության տեղերն ըստ ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 և նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերն ըստ բարձունքային նիշերի դասակարգելու մասին» N 756 որոշումներով հաստատված համայնքների ու բնակավայրերի ցանկերում ընդգրկված սահմանամերձ համայնքները և լեռնային ու բարձր լեռնային բնակավայրերն ուսուցչական կադրերով ապահովելու համար, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ներկայացմամբ (ըստ համայնքների), Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Գյումրու

Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի և Գորիսի պետական համալսարանի մանկավարժական մասնագիտությունների գծով բակալավրիատի կրթական ծրագրով հատկացված անվճար (պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ) տեղերի մինչև 50 տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության սահմանած կարգով կազմակերպել նպատակային ընդունելություն.

2) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ներկայացմամբ (ըստ համայնքների), Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հայտերի հիման վրա, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչական ֆակուլտետում բակալավրիատի կրթական ծրագրով անվճար (պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ) տեղերի մինչև 30 տոկոսի չափով կազմակերպել նպատակային ընդունելություն` մարզադպրոցների համար մարզչական կադրեր պատրաստելու նպատակով.

3) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ներկայացրած հայտերի հիման վրա կազմակերպել նպատակային ընդունելություն` Հայաստանի պետական ագրարային համալսարանի «310302 Անասնաբուժություն», «310301 Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն», «310102 Ագրոնոմիա», «310104 Բույսերի պաշտպանություն», «310105 Գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիա և գենետիկա», «310404 Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում», «310506 Ագրոէկոլոգիա», «310201 Անասնաբուծություն» մասնագիտությունների գծով հատկացված բակալավրիատի կրթական ծրագրով անվճար տեղերի մինչև 50 տոկոսի չափով:

3. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2008/2009 ուսումնական տարվա ընդունելությունն իրականացվում է երկաստիճան համակարգով (բակալավրիատ և մագիստրատուրա)` կիրառելով ուսանողական նպաստների տրամադրման սկզբունքը.

2) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի ուսուցման համակարգում ուսման վարձի չափը որոշում է տվյալ ուսումնական հաստատությունը.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Ա. Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի ընդունելության 30 և Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայի 20 տեղերի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի հատկացվում:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` երկշաբաթյա ժամկետում բարձրագույն ուսումնական հաստատությունների հայտերի հիման վրա հաստատել պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում, առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի, վճարովի հիմունքներով ուսուցմամբ լրացուցիչ ընդունելության տեղերը` ըստ ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 1986-Ն և 2005 թվականի սեպտեմբերի 15-ի N 2114-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված սոցիալական խմբերի ֆինանսավորումը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2008/2009 ուսումնական տարվա անվճար (պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ) տեղերի 10 տոկոսը` ըստ մասնագիտությունների, հատկացնել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիներին:

7. Միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության պետական բուհեր ընդունված ուսանողների ուսուցման ֆինանսավորումը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023