25 Նոյեմբերի 2004, 1588 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
3. Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորումը (II փուլ)` 80,000.0 հազ. դրամի չափով, կատարել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 03 ենթախմբի «02. Մշակութային օբյեկտների հիմնանորոգում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը նախատեսված հատկացումների հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգման ծախսեր» հոդվածով):
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված հատկացումների հաշվին գնումները կիրականացվեն մեկ աղբյուրից գնման ձևով` մեկ անձի պահանջ ներկայացվելու միջոցով` պայմանով, որ այդ գնումները պետք է ամբողջ ծավալով ձեռք բերվեն գնման պահանջի ծագման օրվանից հաշված 90 օրացուցային օրվա ընթացքում` գնման պահանջի ծագման օրը համարելով սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը:
5. Մեկ աղբյուրից մեկ անձից իրականացվող թանգարանի մասնաշենքի թիկունքային հատվածում միջանցիկ օդափոխվող միջանցքի մոնոլիտ երկաթբետոնյա կոնստրուկցիաներով իրականացնելու, տրանսֆորմատորային ենթակայանի կրող պատերն ուժեղացնելու, ինչպես նաև մասնաշենքի ներքին ջեռուցման օդափոխության համատեղված համակարգի ստեղծման աշխատանքների գնումները կատարել առանձին գնման ընթացակարգերով` տեխնիկական հսկողությունն իրականացնելով մասնագիտացված կազմակերպության միջոցով:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`
ա) նշված աշխատանքների գնման պայմանագրերը ներկայացվելուց հետո 3-օրյա ժամկետում ապահովել կանխավճարների տրամադրումը:
բ) միջոցները հատկացնել սույն որոշման 3-րդ կետով նախատեսված նորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։